Քաղաքական

ԱԹՍ-ների միջադեպը կարող է ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայությունը սրել. քաղաքագետ

ԱԹՍ-ների միջադեպը կարող է ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայությունը սրել. քաղաքագետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր ենթադրությամբ Ռուսաստանն է պատասխանատու Գերմանիայի օդային տարածքում հանգստյան օրերին նկատված բազմաթիվ անօդաչուների համար։ Հիշեցնենք՝ դրա հետևանքով խափանվել են տասնյակ չվերթեր, և ավելի քան 10 հազար ուղևոր մնացել է Մյունխենի օդանավակայանում։

«Մոսկվա-Բեռլին հարաբերություններում լարվածությունը, իհարկե, նոր չէ, և կարծում եմ՝ անօդաչու հնարավոր նկատվելու դեպքում այդ լարվածությունը կարող է պարզապես ստանալ ինչ-որ նոր շերտ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով, որ պետք է հասկանալ՝ արդյոք դրանք իսկապես ռուսական են, որովհետև բացի այդ պնդումներից, չկան ոչ մի հավաստի ապացույց։

Քաղաքագետը կարծում է, որ հնարավոր է նաև երրորդ կողմի դերակատարում, որը կարող է շահագրգռված լինել լարվածության սրմամբ․ «Կարող ենք դիտարկել տարբեր վարկածներ, ընդհուպ՝ երրորդ կողմ, որը պարզապես փորձում է առկա հակամարտությանը կամ առկա դիմակայությանը հավելյալ լարվածության նոր շերտ ավելացնել։ Դա արդեն անմիջականորեն կարող է ներգրավել ՆԱՏՕ անդամ երկրներին, որոնք հիմա անուղղակիորեն ներգրավված են ուկրաինական ռազմաճակատում։ Այդ պարագայում կարող են արդեն ուղիղ ներգրավման մեջ լինել Ռուսաստանի հետ բախման տեսանկյունից. օրինակ, նույն Ուկրաինան կարող է շահագրգռված լինել այս ճակատը ընդլայնելու հարցում»։

Նա հիշեցրել է նաև, որ եվրոպական քաղաքական գործիչներ նախկինում էլ նշել են Ուկրաինայի փորձերի մասին՝ եվրոպական երկրներին ավելի ակտիվ ներգրավել հակամարտության մեջ։ Մերցի խոսքով՝ անօդաչուները զինված չեն եղել և հիմնականում հետախուզական նպատակներ են ունեցել։ Քաղաքագետ Բադալյանը նշում է, որ նման հայտարարությունների հավաստիության հարցը դեռևս բաց է․ «Այս հայտարարություններում հավաստիության կոմպոնենտը դեռևս բավական բաց է։ Նույն կերպ նշվում է՝ հնարավոր է ռուսական, բայց հնարավոր է նաև, օրինակ, ինդոնեզական։ Այսինքն՝ այդ ձևակերպումը մեզ թույլ է տալիս մտածել, որ հնարավոր է՝ նաև ոչ։ Քանի դեռ չկան հստակ ապացույցներ՝ խոցված անօդաչու կամ տեխնիկական տվյալներ, մենք կարող ենք դիտարկել տարբեր վարկածներ»։

Բադալյանի խոսքով՝ որոշ ուժերի համար այս իրավիճակում կարող է ձեռնտու լինել, եթե ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածությունը ստանա ավելի ուղիղ բնույթ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական