Մենք ի սկզբանե ասել ենք, որ սա իմպիչմենտի գործընթաց չէ, սա հայտարարության տեքստ է. հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում իրենց ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին։ Նա նշել է, որ այս թեմայով խորհրդարանական լսումները ծառայեցին իրենց նպատակին։
Իսկ թե ինչու են ոչ թե իմպիչմենտի գործընթաց անում, այլ՝ հայտարարության նախագիծ, Մամիջանյանն ասել է. «ՀՀ օրենքներով իմպիչմենտի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում, և բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան թույլ տալ չէինք կարող։ Չէինք կարող նման կարճատես, անհեռատես քայլ անել»։
Նա վստահեցրել է, որ պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհ են ընտրել. «Մինչև չլինի 54, մենք թուղթը մուտք չենք անի։ Թուղթը մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետև անհրաժեշտ է լինելու 54 ձայն, և այդ 54-ը ստորագրած են լինելու»։
Ըստ նրա՝ իմպիչմենտի գործընթացն ընթանալու է փողոցային պայքարով։