«Վարչապետին անվստահություն հայտնելու մասին․ ինչպես տեսնում ենք, մենք այդ փուլին չենք հասել՝ ընդդիմության ներսում նույնիսկ երկար քննարկումներից հետո։ Փոխարենը տեսնում ենք հայտարարության մի տեքստ, որը երևի բարի կամքի դրսևորում է», – ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ըստ նրա, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում բացակայում է ժողովուրդը. «Պարոն Մամիջանյանը, իհարկե ասաց՝ դուք կմիանաք, երբ ժողովուրդը միանա։ Այո, մենք էլ ենք դա ասում։ Երբ ժողովուրդը կգա, այդ ժամանակ եկեք», - ասել է նա՝ վստահեցնելով, որ իրենք կառավարության հենարանն են ԱԺ-ում և չեն պատրաստվում փոխել վարչապետին։ Նա նաև շեշտել է. «Դուք ձեր մեջ համաձայնություն ձեռք բերեք, հետո եկեք, կխոսենք, սիրելի գործընկերներ»։
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը։