Դադարեցվել են Արեգնազ Մանուկյանի պատգամավորական լիազորությունները. ԱԺ նախագահը ստորագրել է համապատասխան արձանագրությունը։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեգնազ Մանուկյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Արեգնազ Մանուկյանը հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ նշելով. «Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:
Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ»: