Քաղաքական

«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն որևէ փաստաթղթում չկա․ ՀՀ վարչապետ

«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն որևէ փաստաթղթում չկա․ ՀՀ վարչապետ

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից, այն տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ու ազդեցություն է ունենալու։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին՝ նշելով․ «Ալիևը՝ այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում և փաստաթղթերում երբեք չի եղել։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը»։

Ըստ վարչապետի՝ դա ՀՀ-ին ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Տեսանելի ապագայում այն բերելու է դրական արդյունքներ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման։

«ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում, որոնք չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար»,- նշել է նա։

Վարչապետը կարևորել է «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է համարել նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, թեև երկկողմ ձևաչափով ակտիվ շփումներ կան։

Անդրադառնալով ԵՄ-ին՝ Փաշինյանը նշել է․ «Երբ ՀՀ-ն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։ Եթե ընդունեն, լավ է, չեն ընդունի՝ լուծած կլինենք մի խնդիր՝ ՀՀ-ն կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխան երկիր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական