Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:
«Ձերդ գերազանցություններ,
Պատվարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:
Մեր Ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլև մեր որդեգրած արժեքների՝ ազատության, տոկունության, խաղաղության և ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում:
Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարևոր ուղերձ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը: Այն կարևոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին, խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում և որին արժանի են:
Ուրախ ենք, որ այս կարևոր օրը նշում ենք Մադրիդում՝ մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը և բարեկամությունը: Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր ձգտումների վրա, շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը՝ որպես գործընկեր թե՛ Եվրոպական միության շրջանակներում, թե՛ դրա սահմաններից դուրս և ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածության ու աշխատանքի շնորհիվ մեր երկու ժողովուրդների միջև ստեղծվել է կենդանի կամուրջ:
Թող այս օրը ևս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի և Իսպանիայի կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության, խաղաղության ու բարեկեցության:
Կեցցե՛ն Հայաստանի Հանրապետությունը և Իսպանիայի Թագավորությունը:
Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: