ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ:
Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը` մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
Առանձնակի կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող հարցը, որի համատեքստում Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահն արժևորել է ստորագրված փաստաթղթերը` նշելով, որ Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով անհետ կորած համարվողների հարցը: