Քաղաքական

Չորրորդ հանրապետություն. եղածի շարունակությո՞ւն, թե՞ խզում. քաղաքագետների մեկնաբանությունը

Չորրորդ հանրապետություն. եղածի շարունակությո՞ւն, թե՞ խզում. քաղաքագետների մեկնաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարեց, որ Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը հռչակում են որպես առաջիկա ռազմավարական անելիք։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ գաղափարին դրական է վերաբերում. «Քանզի զգում ենք, որ այդ անցումը տեղի է ունենում հենց այս պահին»։
 
Ըստ նրա՝ երբ այդ ամենը բարեհաջող ավարտվի, Հայաստանը կթևակոխի իր զարգացման հաջորդ փուլ․ «Իր ապագան ավելի հուսալի կերպով կկառուցի, բայց այստեղ կարևորը ոչ թե համարակալելը և դրանց մեջ ինչ-որ կախարդական բան տեսնելն է, այլ որակական փոփոխություններով այդ ամենն ուղեկցելը»,- ընդգծեց նա։

Մեհրաբյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է կարողանա հասարակության լայն շերտերին ճիշտ ներկայացնել գործընթացի իմաստը. հակառակ դեպքում այն կարող է ընկալվել որպես հերթական դատաիրավական բարեփոխում, ինչը կբերի անտարբերության. «Սա ամենավատն է, որ կարելի է սպասել քաղաքական որևէ գործընթացից», – ընդգծել է նա և հավելել՝ ընդդիմադիր որոշ ուժեր, մասնավորապես, «ռուսական 5-րդ շարասյունը», փորձելու են խոչընդոտել ցանկացած նախաձեռնության։


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, ընդհակառակն, քննադատում է վարչապետի մոտեցումը՝ այն համարելով ոչ թե պատմագիտական կամ իրավական հիմնավորում ունեցող, այլ՝ քաղաքական նպատակահարմարության քայլ․ «Հանրապետությունների թվակալումը իրավական կատեգորիա չէ։ Այն տարբեր երկրներում կիրառվել է պատմական կամ սահմանադրական հիմնավորումների հիմքով։ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանրապետության գաղափարը պատմագիտական կոնցեպցիայի չի ենթարկվում»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ նրա, 3-րդ հանրապետության ազգային պետական օրակարգը մնացել է 44-օրյա պատերազմի փլատակների տակ, ու խնդիրը այստեղ հանրապետությունների թվակալումը չի։
 
Սուրենյանցի կարծիքով, քաղաքական էլիտան պարտավոր է ստեղծել ազգային-պետական ավելի ռեալիստական օրակարգ՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքները, բայց դա չպետք է լինի Նիկոլ Փաշինյանի առաջարկած մոդելը․ «Նիկոլ Փաշինյանի թեզերը ենթադրում են, որ 4-րդ հանրապետությունը ոչ թե երրորդի շարունակությունն է, այլ պատմական խզում է ենթադրում։ Այսինքն, ինչ էլ մենք որպես ազգային-պետական օրակարգ որդեգրենք, դա պետք է լինի 3-րդ հանրապետության շարունակությունը։ Փաշինյանի մոտեցումը կառուցվում է 3-րդ հանրապետության ժխտման վրա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական