Այսօր լրանում է ԼՂ վրա ադրբեջանական հարձակման 2-րդ տարելիցը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը մոտավորապես 13։00-ին, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ։ Ռազմական հարձակումը ուղեկցվել է հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներով։
Հարձակման սկզբնական փուլում Ադրբեջանի բանակը կիրառել է զանգվածային հրթիռահրետանային կրակ, որին հաջորդել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ Զուգահեռաբար, շփման գծի միջդիրքային հատվածներում ծավալվել են ինտենսիվ մարտեր։ Ըստ հաղորդագրությունների՝ առաջնահերթ թիրախ են ընտրվել ռազմական օբյեկտները։ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղել ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի մխրճումը։ Սակայն Ադրբեջանին հաջողվել է հասնել ԼՂ պարտությանը. հայկական կողմը տվեց ավելի քան 200 զոհ, որից 20-ը՝ խաղաղ բնակիչներ, երեխաներ.
Հարձակմանը նախորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած կեղծ տեղեկատվությունը ականապատման և դիվերսիոն գործողությունների վերաբերյալ։ Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արցախի տարածքում, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, մեկնարկում են «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով»։
ԼՂ իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը նպատակ ունի իրականացնել հայերի էթնիկ զտումներ և վարում է ցեղասպան քաղաքականություն Արցախի նկատմամբ։
Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ ԼՂ իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու՝ Բաքվի պահանջը, որ փոխանցվել էր Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։