Քաղաքական

Փորձել եմ հասկանալ՝ ով է Սերժ Սարգսյանը. Քոչարյան

Փորձել եմ հասկանալ՝ ով է Սերժ Սարգսյանը. Քոչարյան

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով դատավարության ժամանակ հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ չի մտնելու իրավական մանրամասների մեջ․

«Այս մեղադրական եզրակացությունն ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն, այն ժամանակ՝ հատուկ քննչական ծառայություն։ Սա քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթ է, որը դարձավ մեղադրական եզրակացություն»,- ասել է նա։

Ըստ Քոչարյանի, այս մեղադրական եզրակացության մեջ հանցագործության երկու շարժառիթ է ներկայացված՝ ամեն գնով պահել ցանկալի իշխանական համակարգը և այն փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին։

Նա նշել է, որ չի հասկանում, թե ինչ է նշանակում «ցանկալի իշխանական համակարգ» պահելու արտահայտությունը. «Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե ինչ է սա նշանակում։ Ես չեմ հասկանում։ Երբ ինձ այս մեղադրանքն առաջադրվեց, ես քննիչին ասացի՝ չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ինձանից։ Մինչև այսօր ես այդ բացատրությունը չեմ հասկացել։ Հիմա խնդրում եմ բացատրել՝ ինչ է նշանակում «ցանկալի իշխանական համակարգ»։ Ըստ Քոչարյանի՝ ինքն անգամ գրականություն է ուսումնասիրել, դիմել արհեստական բանականությանը:

Նա նաև ասել է, որ չի հասկանում «իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցել» արտահայտությունը. «Այս մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ՝ ով է Սերժ Սարգսյանը։ Չկա, չի նշված։ Չի նշված՝ ով է Սարգսյանը՝ բարեկամս է, մանկական ընկերս է, ով է։ Ամեն ինչ չափ պետք է ունենա։ Ու էստեղ հարց է առաջանում՝ լավ, դատախազությունը չգիտե՞ր, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, իսկ վարչապետ է դարձել, որովհետև 2007թ. մայիս ամսին եղել են խորհրդարանական ընտրություններ, և ընտրությունների արդյունքում է ինքը դարձել վարչապետ, ոչ թե՝ մտերմության»։

Նա նշել է, թե իր ելույթը պետք է ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական