«Աշխատանքային քննարկումներ էլի կարող ենք անել։ Բայց մինչ այդ, մենք էլի հարթակ ունենք, որտեղ բոլոր հարցերը կարող ենք քննարկել․ ֆորմատը հանձնաժողովի նիստն է»,- ԱԺ-ի նիստում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և ընդգծել, որ ընդդիմությունը տնտեսական հարցերի հանձնաժողովում ունի 3 պատգամավոր, և ուրախ կլինեն, եթե նրանք մասնակցեին նիստին․ «Եղել են ընդդիմության շատ առաջարկներ, որոնք հաշվի են առնվել»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծել է՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է»․ «Անընդհատ ընդդիմության մասին խոսելու փոխարեն պետք է քննարկել կոնկրետ նախաձեռնության շրջանակներում իրականացվող ռեֆորմները։ Գաղափարը նոր չէ. նախկինում փորձ է արվել, սակայն բարձր կոռուպցիոն ռիսկերի պատճառով պետական մարմինները հրաժարվել են այն կյանքի կոչելուց»։
Ըստ Մինասյանի, նախկինում պետական մարմինները ստանում էին անհատույց գույք, իսկ երրորդ կողմերին փոխանցելու դեպքում պետք է օգտագործվեր մրցութային կամ աճուրդային կարգ՝ ռիսկերը նվազեցնելու համար։
Նա ընդգծել է, գործընթացը «մի գրպանից վերցնելու, մյուս գրպանը դնելու» մասին է, սակայն դա արհեստականորեն մեծացնում է բյուջեի մուտքերը և ծախսերը՝ առանց իրական արժեք ստեղծելու։