Քաղաքական

Հայաստանում ոչ ոք չի հերքել Ցեղասպանությունը. Վարդանյան

Հայաստանում ոչ ոք չի հերքել Ցեղասպանությունը. Վարդանյան

«Ոչ ոք հայոց ցեղասպանությունը Հայաստանում չի հերքել և չի հերքում, համոզված եմ՝ չի էլ հերքելու։ Հայոց ցեղասպանությունը մեզնից յուրաքանչյուրի կոլեկտիվ հիշողության մաս է»,- ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստի ժամանակ։

Ըստ նրա՝ քննարկումները, որոնք փորձում են նորից սահմանել կամ խստացնել օրենքները, հաճախ բացում են էմոցիոնալ դաշտ և մանիպուլյացիաների հնարավորություն տալիս. «Ցեղասպանության հերքման պատասխանատվությունը շատ ավելի խիստ է, քան Ցեղասպանության կատարման, չեմ ուզում ձևակերպում տամ, անարգանք է, բայց որոշակի առումով անընդունելի պետք է լինի Ցեղասպանության զոհերի վերապրածների ժառանգների համար». ասաց նա և ընդգծեց՝ չի կարելի հերքման համար ավելի մեծ պատիժ նախատեսել, քան Ցեղասպանության արարքի իրականացման համար։

Վարդանյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ ցեղասպանության հերքումը արդեն իսկ քրեականացված է․ համապատասխան դրույթները տեղ են գտել դեռևս 2001 թվականի օրենսգրքում և պահպանվել են նոր քրեական օրենսգրքի ընդունման ժամանակ։ Նա ընդգծեց, որ միջազգային գործընկերներն էլ տեղյակ են այս մասին։

Նրա խոսքով՝ առաջարկվող նոր նախագիծը կարող է ստեղծել խնդիրներ, այդ թվում՝ միջազգային հարթակում։

Վարդանյանը հիշեցրել է նաև Փերինչեքի գործի նախադեպը Եվրոպական դատարանում՝ նշելով, որ սխալ մոտեցումները կարող են նոր իրավական բարդություններ առաջացնել։ Նա հավելել է, որ քննարկումները պետք է վարվեն իրավական հարթությունում՝ զերծ մնալով ավելորդ էմոցիոնալ դրսևորումներից․

«Էմոցիոնալ դաշտը այս կարգի հարցերում շատ վտանգավոր է։ Մենք պետք է կլիշեներից դուրս գանք և զգույշ լինենք, որպեսզի չհայտնվենք մանիպուլյացիաների դաշտում»։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել ցեղասպանության հերքման համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական