ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությանը։
«Կառավարության անդամներս կառավարության անդամներ ենք, վարչապետը՝ վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը։ Կառավարության անդամների ու ղեկավարի սահմանադրական կարգավիճակն, ըստ էության, հստակ է, և այդ առումով խնդրում եմ՝ մանիպուլյացիաներ չանեք», - ասել է նախարարը։
Ըստ նրա՝ «Ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարները, և քաղաքական առումով մենք բոլորս, այո, կառավարություն ենք»։ Աշխատանքից ազատվելու մտավախության հետ կապված հարցին Գալյանն ասել է. «Մտահոգություն չունեմ բացարձակ աշխատանքից ազատվելու կամ չազատվելու հետ կապված։ Մենք բոլորս, ովքեր պաշտոն ենք զբաղեցնում, կարծում եմ՝ պրոֆեսիոնալներ են, և ինչ ասում ենք՝ պետք է լինի մտածված ու գիտակցված»։
Հիշեցնենք՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր. «Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»։