Բելառուսը և Պակիստանը թեև չեն արգելափակել Հայաստանի թեկնածությունը, սակայն այս փուլում չեն աջակցել երկրի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ):
«Պակիստանը այս հարցում Ադրբեջանի հետ է համագործակցում և, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմի թելադրանքով էլ վետո է դրել Հայաստանի անդամակցությանը»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը և հավելեց, որ անդամակցությանը բացասաբար է վերաբերում։
«Հայաստանին դա որևէ իրական շահ չի տալու։ Այժմ երկրի հայացքը հիմնականում ուղղված է դեպի Եվրոպա և Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացներ, և այս համատեքստում ՇՀԿ-ին անդամակցելը ավելի շատ նոնսենս է»։
Նրա խոսքով՝ Հայաստանը միաժամանակ փորձում է վարել բալանսավորման քաղաքականություն՝ զարգացնելով հարաբերություններն ինչպես Արևմուտքի, այնպես էլ՝ Արևելքի հետ, Ռուսաստանին հանգստացնելու նպատակով՝ նաև ՇՀԿ-ի հետ. «Իրականում, ամբողջ մարտավարությունը այն է, որ Հայաստանը ֆորմալ առումով է դիմել՝ այդ կառույցին անդամակցելու, այն հույսով, որ Պակիստանը կարգելափակի։ Սա իմ կարծիքն է»,-ասաց քաղաքագետը և ընդգծեց՝ իր համոզմամբ Հայաստանը չպետք է շահագրգռված լինի կազմակերպությանը անդամակցելու հարցում, քանի որ, մեծ հաշվով, Հայաստանին դա ոչինչ չի տալու։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը կանդամակցի, նա շեշտեց, եթե մի երկիր վետո է դնում, անդամակցություն տեղի չի ունենում. «Տվյալ դեպքում, միայն Պակիստանի վետոն արդեն բավարար է, որ Հայաստանը չանդամակցի այդ կառույցին»։
Հիշեցնենք՝ ՇՀԿ գագաթնաժողովն անց է կացվել Տիենցզինում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցել են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։