Ռեջեփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նշել է, որ Թուրքիան գոհունակությամբ է վերաբերում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացին և կաջակցի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
«Ցավոք, Էրդողանի այս հայտարարությունը առաջինը չէ, նախկինում էլ է նույնաբովանդակ հայտարարություններ արել, ու ոչ միայն ինքը, նաև՝ արտաքին գործերի նախկին ու այժմյան նախարարները։ Այսինքն, սա ընդամենը նշանակում է, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, Թուրքիան մտադրություն չունի Հայաստանի հետ հարաբերություններում գնալ արմատական քայլերի»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը և հավելեց, որ այս ամբողջ ընթացքը նա ուղղակի ձևական է ներկայացնում կարգավորման պրոցեսը, քանի որ իրականում, բացի Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցները, ԱԳ նախարարների միջև ևս հեռախոսազրույցներ են լինում, բայց դրանից այն կողմ չի անցնում գործընթացը։
Ըստ թուրքագետի՝ նախկինում Թուրքիան ցույց է տվել, որ վստահելի գործընկեր չէ. «Շատ են եղել, որ ստորագրվել են ինչ-ինչ փաստաթղթեր, սակայն դրանք մնացել են դարակներում և կյանքի չեն կոչվել»։ Նրա խոսքով՝ հայտարարությունները, որ հենց ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի, միանշանակ չեն, քանի որ Թուրքիան էլ իր հերթին կունենա Հայաստանից պահանջներ. «Իսկ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ հերթով այդ պահանջները տարբեր կերպ բարձրաձայնվում են, և չգիտենք՝ Ադրբեջանի հետ կարգավորումից հետո Թուրքիան ինչ կառաջադրի Հայաստանին։ Իմ տեսակետը հետևյալն է․ եթե խաղաղության հաստատումը ստորագրվում է, պետք է բացվեն սահմանները, և, բնականաբար, պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում լինի»։
Հարցին՝ եթե Հայաստանն ընդունի Թուրքիայի պահանջները, դա չի՞ նպաստի, որ երկարաժամկետ խաղաղություն լինի Թուրքիայի հետ, նա ընդգծեց՝ ամեն ինչ ունի իր գինը. «Նայած՝ դու ինչին ինչքան ես պատրաստ տալ։ Նույն Թուրքիան ժամանակին պատրաստ էր Հայաստանի հետ սահմանը բացել և հարաբերություն կարգավորել ընդամենը 2 տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու պայմանով, իսկ այժմ ոչ միայն այդ երկուսն են վերադարձվել, այլև՝ մնացած տարածքները, սակայն Թուրքիան որևէ քայլ չի արել»։
Լիլիթ Աբրահամյան