ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ունեցած ելույթում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն։ Կարծում եմ, որ այդ ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։
Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որ մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակներում ՀՀ-ն և ԱՄՆ-ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որ կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, թե «Մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կդառնա թե՛ Միջին, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի հաջորդ կարևոր հատվածը, կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը»։