Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը Հայաստանի Հանրապետության տարածքում, որից օգտվելու են, օրինակ, ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել: 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն: Ինչո՞ւ եմ ասում առայժմ, որովհետև պայմանավորվածություններ կան էն ամենի մասին, որը գրված է և հրապարակված, այսինքն՝ ժամկետ, տեխնիկական այլ մանրամասներ դեռ պետք է քննարկվեն»,- ասել է նախարարը:
Միրզոյանը հավելել է, որ փորձում ենք ՀՀ-ն դարձնել ոչ թե շահերի բախման, այլ համագործակցության վայր։
«Թուրքական կողմի հետ ևս դինամիկ երկխոսություն ունենք։ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո, տրամաբանությունը հուշում է ինձ, որ պետք է հետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակում»,- ընդգծել է նա։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և նրա վարչակազմից՝ խաղաղության ջանքերին ուղղված գործընթացում էական դերակատարում ունենալու համար։
«Անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ամբողջ թիմը, պարոն Ուիթքոֆֆը, պետքարտուղար Ռուբիոն, մյուսներն այս գործընթացում էական դերակատարում են ունեցել, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին։ Մենք չգիտենք՝ ինչ է խաղաղությունը, պետք է սովորենք դրան, սովորեցնենք, հարմարվենք և խնամենք։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, մենք ընտրում ենք խաղաղությունը»,- եզրափակել է Միրզոյանը։