Իլհամ Ալիևը ներկայացրել է, որ երբ ամերիկյան կողմը ներգրավվել է հաղորդակցության ուղիների բացման բանակցություններին, ադրբեջանական կողմի ուղերձը եղել է այն, որ պետք է լինեն միջազգային անվտանգության ուժեղ երաշխիքներ Ադրբեջանի քաղաքացիների անվտանգ ճանապարհորդելու համար։
«Մեր ուղերձը նրանց հետևյալն էր. եթե «Զանգեզուրի միջանցքը» չգործի և անվտանգ չլինի, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան անվտանգ ճանապարհորդել այս 40 կմ-ից ավել երթուղով, պետք է լինեն ուժեղ, միջազգային անվտանգության երաշխիքներ։
Միայն Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի։ Այսպիսով, Թրամփի վարչակազմը պատշաճ վերաբերմունքով ընդունեց այս օրինական մտահոգությունը, և այն վերածվեց TRIPP-ի՝ Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու։ Այսպիսով, հիմա, երբ նախագահ Թրամփը իր անունը տվեց «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ, որ այն շուտով կիրականանա»,- ասել է Ալիևը։
Ըստ նրա՝ Հայաստանի տարածքում երկաթգծի շինարարությունը կարող է տևել մի քանի տարի, և դա կարող են անել ամերիկացի ներդրողները։
«Այսպիսով, հիմա, կարծում եմ, որ այն շատ մոտ է իրականացմանը, և այժմ Հայաստանից է կախված իր աշխատանքի մասը կատարելը։ Ինչ վերաբերում է մեզ, կրկին կցանկանայի ասել, որ մեր տարածքում Ադրբեջանի երկու մասերը կապող բոլոր ենթակառուցվածքները այժմ իրականացվում են»,- ասել է նա։
Ալիևը նաև նշել է, որ նոր ճանապարհը հանդիսանալու է Միջին միջանցքի ճյուղերից մեկը։
«Երկրորդ միջանցքն անցնելու է Հայաստանի տարածքով, և դա ձեռնտու է Հայաստանին։ Ես փորձում էի դա հասցնել իմ հայ գործընկերոջը. ի վերջո, նրանք կդառնան տարանցիկ երկիր։ Յուրաքանչյուր երկիր, եթե ունի ներուժ, փորձում է դառնալ տարանցիկ երկիր։ Մենք, օրինակ, ուզում ենք տարանցիկ երկիր լինել։ Մենք ցանկանում ենք, որ միջանցքներն Ադրբեջանը հատեն արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ»,- հավելել է նա։
Ադրբեջանի նախագահը խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ Հայաստանը կստանա տարանցիկ փոխադրման վճարներ։ Նա վստահ է, որ այն կդառնա մայրցամաքները միացնող կարևոր տրանսպորտային օղակ: