Կարծում եմ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը փաստացի դիմակայության ավարտ է և ելք փակուղային իրավիճակից: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում։
«Այսպիսով, բանակցությունները, ինչպես ասացի, տևեցին մի քանի տարի և ավարտվեցին Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի մեծ աջակցությամբ։ Իրականում, կարծում եմ, սա հակամարտության, պատերազմի ավարտն է։ Պաշտոնապես խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ հատուկ պատճառով. Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս կա մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Այսպիսով, որքանով մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Հենց սահմանադրության այս փոփոխությունը կատարվի, և հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, պաշտոնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի»,- ասել է Ալիևը։
Ըստ նրա՝ նախագահ Թրամփի ներկայությամբ տեղի ունեցած նախաստորագրումով տեղի է ունեցել պատերազմի ավարտը։ Խաղաղությունը բացում է նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանների համար։