Ադրբեջանական զլմ-ները հաղորդում են, որ նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին։
Ըստ հաղորդագրության, Դաութին շնորհավորել է Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղ կարգավորման օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ, հայտնելով իր երկրի պատրաստակամությունն՝ աջակցելու այդ գործընթացին: Նա նաև ընդգծել է Վաշինգտոնում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում ձեռք բերված արդյունքների կարևորությունը:
Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և հայտարարել, որ Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակվել ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ. գոհունակություն է հայտնվել քաղաքական կապերի ներկա վիճակից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է արվել նաև էներգետիկ համագործակցությանը, ընդգծվել է Ադրբեջանի և BP-ի միջև հաջող գործընկերությունը: Կողմերը վստահություն են հայտնել, որ BP-ի հետ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի առաջիկա տասնամյակների ընթացքում:
Հատկանշական է, որ բրիտանացի նախարարը Ադրբեջանի նախագահին է նվիրել Ալիևի անունը կրող Անգլիայի ազգային հավաքականի մարզաշապիկ։
