Քաղաքական

Թուրքիան շահագրգռված է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով. թուրքագետ

Թուրքիան առանցքային դեր է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, վերջերս էլ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպել են ու կհանդիպեն Ստամբուլում։

«Ես չէի ասի, թե Թուրքիան հատուկ դերակատարում ունի այդ հանդիպումների ժամանակ։ Թուրքիան հիմնականում ծառայում է որպես հարթակ՝ տրամադրում է տարածք, որտեղ 2 կողմը հանդիպում և քննարկում են։ Համենայնդեպս, մինչ այս եղած բոլոր հանդիպումներն այդ տրամաբանության մեջ են եղել»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը և հավելեց՝ հաջորդ փուլերում, եթե կազմակերպի Թուրքիան, խորքային բաներ պետք չէ փնտրել։

Ըստ նրա՝ Թուրքիան շահագրգռված է պատերազմի ավարտով, քանի որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ տնտեսական երկկողմանի վնասներ է կրում. «Հետևաբար, այն, որ դրանով Թուրքիան ինչ-որ դեր կտանի և այլն, ինչը կարտացոլվի նաև Հարավային Կովկասի վրա, քիչ հավանական է»։

Անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո կա՞ հայ-թուրքական հարաբերություններում առարկայական առաջընթաց, նա ընդգծեց, որ այս պահին առաջընթաց չի տեսնում, և մոտակա ժամանակներում էլ դժվար փոփոխություն լինի. 

«Այն խնդիրները, որոնք Թուրքիան իր առջև դրել էր, այս պահի դրությամբ գոյություն չունեն, և շարունակում է սահմանը փակ պահել»: