Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքի արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ աննկարագրելի հուզմունք և ուրախություն են ապրում երկաթգծի կառուցման մեկնարկի կապակցությամբ, որը դուռ կբացի «Զանգեզուրի միջանցքի» համար և կնշանավորի խաղաղության ու բարգավաճման նոր դարաշրջան Հարավային Կովկասում:
Ուրալօղլուն պարզաբանել է, որ Թուրքիան, ինչպես աշխարհագրական, այնպես էլ մշակութային առումով, գտնվում է մայրցամաքների, քաղաքակրթությունների և հնագույն տրանսպորտային ուղիների խաչմերուկում, ինչպիսիք են պատմական Մետաքսի ճանապարհը և Համեմունքների ճանապարհը:
«Այսօր, կատարելով «Զանգեզուրի միջանցքի»՝ Կարս- Իգդիր -Արալիք-Դիլուջու երկաթուղագծի իրականացման ճանապարհին առաջին կոնկրետ քայլերից մեկը, մենք մեր ներդրումն ենք ունենում ոչ միայն Թուրքիայի, այլև՝ ողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագայի մեջ։ Այս նախագիծը միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ է։ «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը և կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը։ Այն կնշի համաշխարհային առևտրի ոսկե դարաշրջանի սկիզբը ողջ աշխարհի համար, հատկապես՝ այն երկրների, որոնք մասնակցում են միջին միջանցքին»,- հայտարարել է նա։
Ըստ թուրք նախարարի՝ այս նախագիծը կընդլայնի տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասում, կարագացնի սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։
«Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը, Ադրբեջանը և Հայաստանը Թուրքիայի հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական բնութագրերը, ինչպես նաև՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը ճանապարհ կբացեն տարածաշրջանային և համաշխարհային առևտրի վրա դրական ազդեցություն ունենալու համար։ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը, Նախիջևանում, Հայաստանում և Ադրբեջանում միջանցքի հատվածների կառուցման հետ մեկտեղ, կբարձրացնի Չինաստանից Բրիտանիա միջազգային առևտրային ճանապարհի արդյունավետությունը»,- ընդգծել է նա։
Ուրալօղլուն նշել է, որ երկաթգիծը կամրապնդի Եվրասիայի մատակարարման ուղիները՝ աջակցելով գլոբալ ցանցերին, ինչպիսիք են Տրանսկասպյան տրանսպորտային երթուղին և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը։
