«Հայաստանը հուսով է, որ Թուրքիան անմասն չի մնա տարածաշրջանում հարատև խաղաղությանը և բարգավաճմանը միտված գործընթացից, որի համար իրական և շոշափելի հնարավորություններ են ստեղծվել հատկապես Վաշինգտոնում արձանագրված համաձայնությունների արդյունքում»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման։
Radar Armenia-ն հետաքրքրվել է, թե կա՞ն Թուրքիայի հետ համաձայնությունների համատեքստում քննարկումներ՝ առաջիկայում սահմաններն առնվազն 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պայմանավորվածությունների կատարման ժամկետների մասով։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկխոսությունը շարունակվում է. ինչպես հայտնի է, օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի և պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս քննարկվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ԱԳՆ-ն նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցին անդրադարձ կա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածում, որով նախատեսվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում համաձայնագրի վավերացումից հետո։ Համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարակված է ԱԳՆ պաշտոնական կայքէջում՝ https://www.mfa.am/hy/press-releases/2025/08/11/Initialed%20Arm-Az%20Peace%20Agreement%20text/13394 հղումով։