Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 երկրների առաջնորդներ. հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը:
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդի և 10 միջազգային կազմակերպության ղեկավարի հետ կհավաքվի Հայհե գետի ափին»,- ասել է նա մամուլի ասուլիսում:
Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոնղոլական, Ադրբեջանի, Հայաստանի, Կամբոջայի, Մալդիվների, Նեպալի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի, Վիետնամի ղեկավարները։
Լյու Բինի խոսքով՝ մասնակիցները կքննարկեն ՇՀԿ-ի հաջողված փորձը, կնախանշեն կազմակերպության զարգացման ուղղությունը, համաձայնության կգան համագործակցության հարցերի շուրջ:
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միավորում է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Ուզբեկստանը և Բելառուսը: Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ-ն, Թուրքիան և Շրի Լանկան: