«Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ ստորագրված և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ սահմանադրության հետ, ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե խաղաղության համաձայնագիրը կստորագրվի սահմանադրության փոփոխությունից հետ։
Ըստ նրա՝ այս պահին այդ հարցի շուրջ մտածելու անհրաժեշտություն չկա. «Մյուս կողմից, հիշեցնեմ, որ ունենք նոր սահմանադրություն ընդունելու օրակարգ, որի ժամկետը նշվել է 2027 թվականը»,-ասել է նա և հավելել, որ այժմ աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա։
Հարցին՝ եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրությանը, դա կանդրադառնա՞ խաղաղության պայմանագրի վրա, վարչապետը նշել է. «Չեմ կարծում, որ ժողովուրդը դեմ կքվեարկի, այն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա կարող է ազդեցություն ունենալ խաղաղության գործընթացի վրա»։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը՝ վարչապետը նշել է. «Կան կոչեր, կարծիքներ, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել»: