Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է․ ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք հասել ենք նրան, ինչին ցանկանում էինք, Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Այն փաստացի որևէ գործունեություն չի իրականացրել և չի կարողացել իրականացնել։ Սակայն իրավաբանորեն գոյություն ուներ, իսկ հիմա դրա վերջը մոտենում է»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը փաստացի վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը։
«Մենք նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեղինակներն ենք, և մեր դիրքորոշումը միշտ հաշվի է առնվել այս կետերը մշակելիս: Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը»,- ընդգծել է նա։
Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապի մասին։