ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին, մասնավորապես, Ադրբեջանից Նախիջևան ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը։
«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ սահմանային անցակետերում գնալու են պարզեցումների. «Մենք պարզեցումների գնալու ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև՝ բոլոր սահմանակետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը, հնարավորինս լինի պարզեցված։ Ընթացակարգերը՝ էն, ինչ ենթադրվում է հինգ տերմինից, պետք է լինի։ Այս հինգ տերմինից ենթադրվում է ամեն ինչ, այլ հարց է դրա ձևը»,- ասել է նա։ Վարչապետը նաև նշել է՝ պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որ տեղավորվում է հինգ սկզբունքների շրջանակում։