ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում անդրադարձել է իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթղթին։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Այս գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դերակատարումը»։
Վարչապետի խոսքով. «Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում, և այս փաստը պիտի գիտակցել»։
Նա նշել է, որ երրորդ հանրապետության քաղաքացիներս չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում. «Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում։ Խաղաղության մասին մարդիկ երազել են, բայց մյուս կողմից խաղաղություն բառի համար այդ բառն օգտագործողները հաճախ դատափետվել ու քննադատվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ «խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն ու անծանոթ իրողություն է»։
Նրա խոսքով, խաղաղությունն ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում, ինչպես ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում նորածինն ու ոչ միայն նորածին երեխան, նորակառույց տունը, նոր սիրելի մեքենան։