Քաղաքական

Երևանն ինչ-որ հարցերի պատասխաններ երևի տվել է. կարծիքներ Իրանի և Ռուսաստանի արձագանքների մասին

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին մի շարք համաձայնությունների մասին, որոնց թվում է «Թրամփի ուղին»։ Վերջինիս շուրջ ինչպես Հայաստանի ներքաղաքական դաշտում, այնպես էլ արտաքին միջավայրում կարծիքները տարբեր էին, հատկապես փոփոխական ստացվեց Իրանի և ՌԴ-ի արձագանքը։

«Իշխանությունները Իրանին ասել են, որ այդ ամենը լինելու է փոխադարձության սկզբունքով, չի լինելու միջանցք և այլն, Իրանի իշխանություններն էլ հավատացել են։ Իսկ Ռուսաստանի հայտարարությունը հատուկ քաղաքական տեսակետ է։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, ԱՄՆ-ի ստրատեգիական հակառակորդներն են, և, ակնհայտ է, որ հակասություններ կան, պարզապես երկուսն էլ փորձում են իրադրությանը առավելագույնս մեղմ մոտենալ, որպեսզի Հայաստանի հետ հավելյալ խնդիրներ չծագեն։»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությանը։ Վերջինս ավելի վաղ նշել էր, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ուռճացնում են նորություններում․ «Իրանի պահանջները, որոնք կապված են երթուղու հետ, հաշվի են առնվել»։ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել էր, որ մինչ այժմ իրենց դիրքորոշումները պահպանվել են։

Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ Իրանի արձագանքները հակասական են. «Այնուամենայնիվ, այնպես չի, որ Իրանի պաշտոնյաների գնահատականները ամբողջությամբ դրական են։ Պիտի համբերենք. նախ, դրանք հրապարակվեն, այդ մեխանիզմները հայտնի դառնան նաև մեր հարևաններին, որից հետո արձագանքներն ավելի ամբողջական կլինեն»,-ասաց նա։ Անդրադառնալով նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղու» հարցում, եթե դա ՀՀ-ի համար լավ է, հավելեց՝ կարևոր է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, որպես 3-րդ երկրներ, փորձում են արձագանքել կոռեկտ, չսրել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն, միաժամանակ, զգուշությամբ հետևում են զարգացումներին։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ևս անդրադարձավ Օվերչուկի հայտարարությանը՝ կարևորելով Ռուսաստանի կառուցողական արձագանքը, չմոռանալով՝ եղել է նաև այլ արձագանք առ այն, որ TRIP-ը կարող է հակասել ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող սկզբունքներին։ Ըստ նրա՝ Իրանի ներսում պետական և հոգևոր կառույցները տարբեր շեշտադրումներ են անում ․ «Իրանից հնչող արձագանքները հակասական են․ հոգևոր առաջնորդի և շրջապատի գնահատականներն ավելի խիստ են, նախագահի և կառավարության անդամներինն՝ ավելի մեղմ»,-ասաց և ընդգծեց՝ պաշտոնական Երևան ինչ-որ հարցերի պատասխաններ երևի տվել է, և գնահատականներն ավելի մեղմ են դարձել, բայց մտահոգություններն օրակարգից դուրս չեն եկել։