Քաղաքական

Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո, մեր մոտ ամերիկյան զորքեր չեն տեղակայվի. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում խոսել է հաղորդակցությունների ապաշրջափակման և Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական համաձայնագրերից։

Ըստ իրանցի նախարարի՝ այս պահին համաձայնությունների շրջանակը լիովին պարզ չէ: 

«Բայց այն, ինչ մակերեսին է, մեզ ասացին հայերը. պարոն Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը, զանգահարեց մեր նախագահին, նրանց արտաքին գործերի նախարարը զանգահարեց ինձ, նրանք իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան, նրանք սպառիչ բացատրություններ տվեցին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խոսքը տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին չէ։

«Տեղի ունեցածը, և այն, ինչ պետք է տեղի ունենար, որ կոչվում էր «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բոլորովին տարբեր բաներ են: Ես չեմ ասում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենալու, մտահոգիչ չէ, քանի որ կան մտահոգություններ, որոնք ես կբարձրացնեմ»,- ավելացրել է նա։ 

Ըստ Արաղչիի՝ երբ սկսվել է «Զանգեզուրի» մասին քննարկումը, հիմնական գաղափարը հայկական Սյունիքի մարզը գրավելու և Նախիջևանի և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև տարածքային կապ ստեղծելու մասին է եղել: 

«Գաղափարն այն էր, որ գրավվի այս մարզը: Մենք այն ժամանակ լուրջ մտահոգություններ հայտնեցինք: Այդ ժամանակ խոսվում էր 5-10 կիլոմետր լայնությամբ միջանցք ստեղծելու մասին, որը կկապեր այս երկու շրջանները և կլիներ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ներքո: Այդ ժամանակ մենք լուրջ աշխարհաքաղաքական մտահոգություններ ունեինք: Մեր զինված ուժերը տեղակայված էին սահմանի մոտ, և մենք ստեղծեցինք ռազմական ներկայություն: Սակայն Ադրբեջանը մեզ վստահեցրեց, որ նման գաղափարները բացառվում են։

Այժմ այս բոլոր գաղափարները վերածվել են մի ճանապարհի, որը կառուցվում է Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերության կողմից և Հայաստանի օրենքների և իրավասության ներքո: Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո: Մեզ մոտ ամերիկյան զորքեր չեն տեղակայվի, և բոլոր իրանական կարմիր գծերը հարգվում են»,- ընդգծել է Արաղչին։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ճանապարհը սպասարկող ընկերությունը կլինի ինժեներական ընկերություն։

«Սա ընդամենը մասնավոր ամերիկյան ինժեներական ընկերություն է՝ ո՛չ անվտանգության, ոչ էլ ռազմական: Այնտեղ ամերիկյան ուժեր չկան, և Հայաստանն ինքն է ապահովում անվտանգությունը: Նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերություններին՝ մուտք գործել երկիր։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգվում են, և սա հենց մեր դիրքորոշումն է: Այսինքն՝ սկզբից մեր դիրքորոշումն այն էր, որ, անկախ նրանից, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Կովկասում, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեն: Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի»,- հավելել է Արաղչին։