ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ կքննարկի Հվ․ Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը: Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Հաջորդ շաբաթվա վերջին նախատեսված է հանդիպում նաև ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ էլ այդ հարցերը կդիտարկենք։ Այնպես որ, առաջընթաց կա», - ասել է նա։ Նա հայտնել է, որ հանդիպումը կլինի Ռուսաստանում։
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով գոյություն ունի եռակողմ աշխատանքային խումբ, որն աշխատում է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների եռակողմ հռչակագրի 9-րդ կետի իրագործման ուղղությամբ և մանրամասն քննարկել է ապաշրջափակման բոլոր նրբությունները:
«Այդ պատճառով մեզ, իհարկե, հետաքրքիր է իմանալ, թե որքանով են կողմերն առաջ շարժվել այն խնդիրների լուծման հարցում, որոնք քննարկվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Որոշ նրբություններ շոշափում են ՌԴ շահերը Հվ․ Կովկասում, առաջին հերթին, երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից։ Ուստի մեզ համար հետաքրքիր կլինի լսել՝ արդյոք լուծումներ են գտնվել այդ նրբությունների վերաբերյալ», - ընդգծել է նա։
«Այդ դեպքում մեզ արդեն անհրաժեշտ կլինի, եթե այդ հարցերը լուծվել են, դա արդեն տեղափոխել հաշվարկների, տեխնիկատնտեսական հիմնավորումների հարթություն, նայել այդ նախագծերի տնտեսական մասին և զբաղվել ապաշրջափակմամբ։ Բայց կրկին դա կպահանջի եռակողմ ջանքեր այն փոխգործակցության շրջանակներում, որ ունեցել ենք և ունենք Հայաստանի և Ադրբեջանի հետ», - հավելել է Օվերչուկը։