Քաղաքական

Հայաստանի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով. ՏԿԵ նախարար

«Հայաստանը ստանում է ապակենտրոն, ապաշրջափակված ճանապարհներ՝ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Թե ինչպիսին կլինի այդ ճանապարհների վերահսկողությունը և անցուդարձը, նախարարը պարզաբանել է, որ այս փուլում անհրաժեշտ ինֆորմացիան արդեն փոխանցվել է. «Առավելագույնը, ինչ կարող եմ ասել այս պահին, առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և երբ անհրաժեշտություն լինի հավելյալ տեղեկություններ տալու, կփոխանցվի»,-ասել է նա:

Նախարարը նաև անդրադարձել է հասարակության մտավախություններին. «Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի մեծ քայլով մոտեցնում է խաղաղությանը։ Այն սպասված և կարևոր իրադարձություն է։ Նախկինում մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, բայց տեքստի հրապարակումից հետո պարզվեց, որ Հայաստանի համար ոչ մի սարսափելի, ողբերգական և չարագուշակ բան չկար»:

Խոսելով ճանապարհների բացման մեխանիզմների մասին՝ նախարարը նշել է, որ ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է. «Հայաստանի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»։  

Նախարարի խոսքով՝ մտավախությունները, որ հնարավոր է՝ վտանգ լինի Հայաստանի համար, բացակայում են, քանի որ սահմանվել է փոխադարձելիության սկզբունք, ինչը երաշխավորում է անվտանգ անցուդարձը: