Քաղաքական

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունն է հայտնել գործընթացին։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում բացվող նոր ներդրումային հնարավորությունները և համաձայնվել, որ դա երկու երկրների ներդրողների շրջանում դրական արձագանք կստանա։

ՀՀ վարչապետը և ՂՀ նախագահը պայմանավորվել են շարունակել քաղաքական ակտիվ երկխոսությունը։