Իրանական կողմը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցի հաղորդագրությունը։
Ըստ հաղորդագրության՝ Փեզեշքյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ Կովկասյան միջանցքն իսկապես դառնա խաղաղության և զարգացման ուղի, ոչ թե օտար տերությունների հեգեմոն նպատակներին հասնելու գործիք:
Իրանի նախագահը ընդգծել է զգոնության և հատուկ զգուշության անհրաժեշտությունը ԱՄՆ կողմից հնարավոր գործողությունների նկատմամբ, որոնք կարող են Կովկասում հեգեմոնիայի նպատակներ հետապնդել տնտեսական ներդրումների և խաղաղություն ապահովելու պնդումների «քողի տակ»։
Նա նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական են, իսկ երկու երկրների փոխգործակցությունը կառուցողական՝ հիմնված բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։
«Սկզբունքային և տրամաբանական մոտեցումների ընդունումը միշտ եղել է Թեհրանի և Երևանի բարեկամական կապերի ամուր հիմքը, և այդ պատմական և խոր հարաբերությունները խաթարելու ցանկացած փորձ կտրականապես կմերժվի և կհամարվի անընդունելի»,- ընդգծել է նա։
Ըստ Իրանի նախագահի՝ Իրանը, որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության բաստիոն, ողջունում է ցանկացած համաձայնագիր, որը հանգեցնում է խաղաղության ամրապնդմանը, հատկապես՝ տարածաշրջանի երկրների միջև։
Նա նաև ընդգծել է բարիդրացիական հարաբերությունների արժեքը, մասնավորապես, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, նշելով, որ այդ հարաբերությունների շարունակությունն ու ամրապնդումը կախված են զգոնությունից, համակարգումից, կարեկցանքից և ցանկացած արտաքին միջամտությունից խուսափելուց։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ Թեհրանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Երևանի համար։
«Հայաստանը Իրանի հետ իր հարաբերությունները համարում է ռազմավարական, և բոլոր կարևոր որոշումներն ու գործողությունները կկայացվեն փոխադարձ խորհրդակցությունների և համակարգման միջոցով։ Մենք թափանցիկությունն ու ազնվությունը սահմանել ենք որպես հիմնարար սկզբունքներ այս հարաբերություններում, և այս մոտեցումը միշտ կմնա անսասան»»,- ասել է ՀՀ վարչապետը։