Քաղաքական

Մենք տեսնում ենք կարևոր հանգրվան, որին կարող ենք հասնել նաև Թուրքիայի հետ. Կոստանյան (Anadolu)

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Anadolu» գործակալությանը հարցազրույց է տվել, որտեղ մեկնաբանել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ Սպիտակ տանը կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները՝ այն որակելով «պատմական» և շրջադարձային փուլ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նա ընդգծել է, որ հանդիպումը նաև «կարևոր հանգրվան» է Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր առաջընթացի համար։

Կոստանյանի խոսքով՝ նախօրեին կայացած երկկողմ և եռակողմ քննարկումները «շատ կարևոր էին, նույնիսկ պատմական», քանի որ արձանագրվել է նշանակալի ձեռքբերում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այլև Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է երեք կարևոր հուշագիր՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության, ինչպես նաև էներգետիկայի վերաբերյալ։

Խաղաղության պայմանագիր և Մինսկի խմբի լուծարում

Կոստանյանը նշել է, որ մարտին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը հիմա արդեն նախաստորագրված է։ Կողմերը նաև ստորագրել են նամակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, ինչպես նաև համատեղ հռչակագիր, որի վկան եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորում

Փոխնախարարը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին հայտարարությունները, որոնք, ըստ նրա, դրական ազդեցություն են ունեցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա։

«Երեկվա իրադարձությամբ մենք տեսնում ենք կարևոր հանգրվան և հնարավորություն, որին կարող ենք հասնել նաև Թուրքիայի հետ։ Այս կապի նախագիծը կարող է իրագործելի լինել և կարող է շատ ավելի տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունենալ, եթե մենք վերսկսենք նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը»,- ասել է Կոստանյանը։

«Մենք կարող ենք հասնել մեր տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման համար ևս մեկ շատ կարևոր հանգրվանի, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ», - հավելեց նա»,- ընդգծել է նա։

«Թրամփի ճանապարհը»՝ խաղաղության և բարեկեցության համար

Գագաթնաժողովի առանցքային կետերից մեկը «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ճանապարհ» (TRIPP) նախագծի իրականացումն է։

Կոստանյանի խոսքով՝ հռչակագիրը նախատեսում է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական ուղիների բացում՝ պահպանելով տարանցիկ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նախագիծը կզարգացվի Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տարածքում՝ ապահովելով տարածաշրջանային հաղորդակցությունը, այդ թվում՝ կապ Հայաստանի հարավից դեպի Նախիջևան և այլ ուղղություններ։

Նա հավելել է, որ սկզբունքների շուրջ արդեն համաձայնություն կա, իսկ տեխնիկական և աշխատանքային մակարդակի քննարկումները կշարունակվեն։