Քաղաքական

Մենք իրար հետ շատ բարդ ճանապարհ ենք անցել, ըստ էության՝ դժոխքի միջով ենք անցել․ Փաշինյան

ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ։ Այդ մասին այսօր Վաշինգտոնում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների՝ նախապես ուղարկված հարցերին։

«Հայաստանը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ ՀՀ-ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրան, դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի այդ թվում՝ նաև երկկողմ առևտուրը, դա կլինի անվտանգության, խաղաղության և կայունության ամենահուսալի երաշխիքներից մեկը։

«Շատ հետաքրքիր նախագծեր են լինելու՝ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ և այլն։ Բայց ինչ էլ տեղի ունենա, խողովակը լինի գազի, թե նավթի, սպիտակ ներկած լինի օրինակ, թե սև, պետք է գործի ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում»,- ասաց նա։

Փաշինյանը, պատասխանելով Radar Armenia-ի հարցին, նշեց, որ այս պահին գոյություն ունեն միայն այն փաստաթղթերը, որոնք ստորագրված են։ Այլ փաստաթուղթ, պայմանավորվածություն գոյություն չունի։

«Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, որոնց շուրջ, իհարկե, կլինեն խոսակցություններ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում, և փոխադարձությունը պետք է աշխատի։ Մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ»,- ասաց նա։

Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ վարչապետն ասաց․

«Մենք իրար հետ շատ բարդ ճանապարհ ենք անցել, ըստ էության՝ դժոխքի միջով ենք անցել, և հույս ունեմ, որ տեղի կունենա ՀՀ քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։ Դա կլինի նոր՝ ոչ պակաս կարևոր հեղափոխություն մեր երկրի ապագայի տեսակետից»։