Քաղաքական

Եթե Ռուսաստանը որևէ զիջման չգնա, կլինեն ծանր պատժամիջոցներ․ քաղաքագետ

«Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա ավելի շատ ուղղված է նրան, որ դադարեցվի պատերազմն Ուկրաինայում, և այս բանակցություններից է կախված Թրամփի հետագա ռազմավարությունը Ռուսաստանի հանդեպ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա այցին։

Քաղաքագետի խոսքով՝ եթե Ռուսաստանն, ամերիկյան պահանջները հաշվի առնելով, գնա հրադադարի, Թրամփը հետագա պատժամիջոցներ չի սահմանի. «Իսկ եթե ճկունություն չցուցաբերի ու որևէ զիջման չգնա՝ չհրաժարվելով Ուկրաինայից, դրան, ամենայն հավանականությամբ, կհետևեն ծանր պատժամիջոցներ», - ասաց նա և հավելեց՝ պատժամիջոցներ կկիրառվեն ոչ միայն Ռուսաստանի, այլև, անուղղակիորեն, այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից էներգակիր են։

Մասնավորապես, խոսքը գնում է Հնդկաստանի և Չինաստանի մասին, որոնք ռուսական նավթի խոշորագույն գնորդներն են. «Այդ երկու երկրները շուկայական էժան գներով գնում են ռուսական նավթ և այդպիսով միլիարդավոր դոլարներ ապահովում Ռուսաստանին։ Եթե այդ սողանքը փակեն, այդ երկու երկրները կդադարեն ռուսական նավթ գնել։ Դրանից հետո Ռուսաստանի ֆինանսական հոսքերը զգալիորեն կընկնեն, և նա այլևս ի վիճակի չի լինի պատերազմը շարունակել»։

Ըստ նրա՝ քիչ հավանական է, որ կողմերը համաձայնության գան ռազմավարական գործողությունների մասնակի դադարեցման հարցում. «Նախ, միջազգային մամուլն է այդ մասին գրում։ Օրինակ, Reuters-ը պնդում է, որ Պուտինը հակված չէ ընդունել Թրամփի վերջնագիրը։ Պուտինը հայտնի է նրանով, որ ընդգծված ազարտային խաղացող է և ուզում է գնալ մինչև վերջ»։

Նա ընդգծեց, որ այս 3.5 տարում որևէ լուրջ ձեռքբերում չունեն, խոշոր քաղաքների չեն տիրացել, միլիոնավոր զոհեր և հարյուրավոր միլիարդների կորուստներ ունեն, և հիմա Պուտինն, ամենայն հավանականությամբ, պատերազմը շարունակելու է, որպեսզի ժողովրդին որոշ բացատրություններ տա՝ ինչու էին այդ զոհերն ու ծախսերը։

Ա․ Վարդանյանի համոզմամբ՝ Թրամփը Պուտինից ակնկալում է, որ պատերազմը կդադարեցվի, հրադադար կհաստատվի Ուկրաինայում. «Թրամփը նախընտրական խոսքում ասել էր՝ մի քանի օրում կդադարեցնենք պատերազմը։ Արդեն քանի ամիս է, իշխանության է եկել և չի կարողանում կանգեցնել պատերազմը, հիմա էլ ասում է՝ չէի պատկերացնում, որ այդքան դժվար է հարցի լուծումը։ Սա Թրամփի հեղինակության, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական շուկայի հարցն է»։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ահռելի գումարներ է ծախսում՝ պատերազմում ռազմական տարբեր փաթեթներ տրամադրելով Ուկրաինային, և հիմա փորձում են ամեն կերպ պատերազմը դադարեցնել, այդ իսկ պատճառով նա պիտի գնա կտրուկ քայլերի։

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա՝ բանակցելու Պուտինի հետ։