Քաղաքական

Նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Թուրքմենստանում ընթացող ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

Առանձնահատուկ կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը։

Վրաստանի վարչապետը նշել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու երկխոսությանը և դրանով իսկ ապահովելու տևական խաղաղություն և կայունություն տարածաշրջանում: