Քաղաքական

Պարզ չէ՝ Հվ. Կովկասի հարցում Վաշինգտոնը և Մոսկվան ինչ կպայմանավորվեն. Վահրամ Աթանեսյան

 ««Աբրահամյան համաձայնագրերին» Հայաստանի և Ադրբեջանի միանալու մասին դատողությունները ժամանակավրեպ են»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԽ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվ Ուիթքոֆի՝ դեռ մայիսին Breitbart News-ին տված հարցազրույցին, որտեղ նա կարծիք էր հայտնել, որ երկու երկիրն էլ՝ Հայաստանը և Ադրբեջանը, պատրաստ են միանալ Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին։ Իսկ այժմ, ըստ Reuters-ի, այս համաձայնագիրը դառնում է նախապայման Ադրբեջանի համար՝ նախ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, ապա միայն՝ միանալու այդ համաձայնագրին։

Ըստ նրա՝ «Աբրահամյան համաձայնագրերի» նպատակն արաբա-իսրայելական համապարփակ հաշտությունն է, և այդ ծրագիրը Դոնալդ Թրամփը ներկայացրել է դեռևս նախագահության առաջին շրջանում. 

«Իսկ արաբական աշխարհը պնդում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանը Պաղեստինի պետության ճանաչումն է։ ԱՄՆ-ն այդ հարցում Իսրայելի դաշնակիցն է։ Այդպիսով, «Աբրահամյան համաձայնագրեր» նախագիծը Մերձավոր Արևելքում չի աշխատում»։

Խոսելով այն մասին, թե արդյոք Մոսկվան դուրս է մղվում խաղաղ բանակցային գործընթացի դաշտից, և ԱՄՆ-ն է դառնում միջնորդող երկիր, Աթանեսյանը ընդգծում է, որ նման գնահատականները խիստ մակերեսային են. 

«ԱՄՆ-ն և Ռուսաստանը ներկայումս բարդ բանակցությունների ռեժիմում են, և ոչ ոք չի կարող ասել, թե Հարավային Կովկասի հարցում Վաշինգտոնը և Մոսկվան ինչ համաձայնությունների կարող են հասնել, կամ ինչ հետևանքներ կունենա նրանց հնարավոր դիմակայությունը»,-ասաց նա և հավելեց, շատ կարևոր և սկզբունքային ձեռքբերում կլինի, եթե հաջողվի հայ-ադրբեջանական կարգավորումը դուրս բերել այդ համատեքստից և հասնել բացառապես երկկողմ պայմանավորվածությունների՝ բոլոր հարցերում։