Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ավելի շատ վկայում է Ռուսաստանի և Ադրբեջանի երկարամյա և համակարգված քաղաքականության արդարացման փորձի, քան Մինսկի խմբի իրական ձախողման մասին։ Խնդիրը ոչ այնքան Մինսկի խմբի անկարողությունն էր, որքան այդ ձախողման նպատակային պայմանավորումը՝ Մոսկվայի և Բաքվի կողմից տարվող քաղաքականությամբ, որը միտված էր խաթարել բազմակողմ դիվանագիտական ձևաչափը և այն փոխարինել ռուսական վերահսկողության տակ գտնվող հարթակներով։
Այս ռազմավարության մեկնակետը կարելի է համարել 2008 թվականը, երբ Ռուսաստանը, վրացական պատերազմի արդյունքում տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու պայմաններում, նախաձեռնում է եռակողմ ձևաչափով բանակցություններ՝ իր մասնակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այդ ուղղությամբ առաջին խոշոր քայլը դարձավ Մայենդորֆի հայտարարությունը։ Թեև այն ներկայացվում էր որպես խաղաղ գործընթացի առաջխաղացման միջոց, փաստացի շրջանցում էր Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, որում ընդգրկված էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Սա Մոսկվայի առաջին բացահայտ ազդանշանն էր՝ միանձնյա միջնորդության դերն իրեն վերապահելու և արևմտյան գործընկերներին դուրս մղելու ուղղությամբ։
Հաջորդ տարիներին այս գիծը շարունակաբար խորացավ։ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ առաջարկվեցին մի շարք մեխանիզմներ՝ լարվածության նվազեցման համար։ Դրանք ներառում էին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդնում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում և շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումներ։ Սակայն այս առաջարկները մերժվեցին Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ։ Միաժամանակ, Մոսկվան սկսեց խոչընդոտել համանախագահների աշխատանքին՝ կենտրոնանալով իր հովանու ներքո գործող եռակողմ հանդիպումների վրա, ինչպիսին էր, օրինակ, 2016 թ․ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը։ Այսպիսի միակողմ միջնորդությամբ Մոսկվան խարխլեց ոչ միայն Մինսկի խմբի գործառույթը, այլև՝ վստահության հիմքերը։
Մինսկի խմբի մեկուսացման քաղաքականության գագաթնակետը դարձավ 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը։ Չնայած Ռուսաստանի՝ որպես համանախագահ երկրի կարգավիճակին, Մոսկվան որևէ էական դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես չեկավ պատերազմը կանխելու ուղղությամբ։ Ավելին՝ 2010-ականներին Ռուսաստանը միլիարդավոր դոլարների սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին՝ խախտելով հակամարտության հավասարակշռությունը և նվազեցնելով բանակցային հնարավորությունները։
Պատերազմից հետո՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը փաստացի դուրս եկավ Մինսկի խմբի ձևաչափից։ Այն ստորագրվեց առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության և շրջանցեց հակամարտության հիմնական հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև բանկարանների վերադարձը։ Փաստաթուղթը կենտրոնացած էր միայն կարճաժամկետ կայունացման վրա՝ ներառյալ ռուս խաղաղապահների տեղակայումը և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, ինչը լիովին համապատասխանում էր Մոսկվայի և Բաքվի շահերին՝ չարտացոլելով հայկական կողմի առաջնահերթությունները։
Ռուս խաղաղապահների անգործությունը 2022–2023 թթ․ Լաչինի միջանցքի շրջափակման և սեպտեմբեր 2023-ին Արցախի հայ բնակչության էթնիկ զտման ժամանակ լիովին բացահայտեց եռակողմ ձևաչափի սահմանափակվածությունը։ Խաղաղապահ առաքելությունը, որը պետք է երաշխավորեր անվտանգությունը, վերածվել էր Մոսկվայի քաղաքական ազդեցության գործիքի՝ զերծ փաստացի պատասխանատվությունից։
Միաժամանակ, Բաքուն՝ Մոսկվայի աջակցությամբ, հետևողականորեն փակել է ԵԱՀԿ դիտորդների մուտքը տարածաշրջան, մերժել միջազգային մոնիթորինգի մեխանիզմները և խոչընդոտել հակամարտության քննարկմանը միջազգային հարթակներում։ Այս քայլերը նպաստել են Մինսկի խմբի աշխատանքի ամբողջական թուլացմանը, և վերջինիս անգործունակությունը պայմանավորված է ոչ թե արևմուտքի հրաժարումով, այլ Ռուսաստանից և Ադրբեջանից եկող նպատակային ճնշմամբ։
Կարևոր է նշել, որ Լավրովի՝ արևմտյան կողմերի հասցեին հնչեցրած քննադատությունը շրջանցում է այն հիմնարար հանգամանքը, որ հենց Ռուսաստանն է նախաձեռնել և խթանել Մինսկի խմբի մարգինալացումը։ Նրա վարած քաղաքականությունը՝ բազմակողմ դիվանագիտության մերժում, նախապատվություն՝ փակ ձևաչափերով պայմանավորվածություններին, ռազմավարական և ռազմական գերակայության վերածումը դիվանագիտական գործիքի, ի վերջո, հանգեցրել են այն ձևաչափի կազմաքանդմանը, որը շուրջ երեք տասնամյակ ծառայում էր որպես միջազգայնորեն ճանաչված հարթակ։
Ուստի, Սերգեյ Լավրովի պնդումը, թե Մինսկի խումբը ձախողվել է, չի կարող դիտարկվել իբրև փաստական գնահատական, այլ պետք է ընկալել որպես քաղաքական պնդում՝ ուղղված սեփական քաղաքականության արդյունքների լեգիտիմացմանը։ Իրականում հենց Ռուսաստանի և Ադրբեջանի համաժամեցված գործողություններն էին այն առանցքային գործոնները, որոնք վերացրեցին միակ միջազգային հարթակը՝ հիմնված հավասարության, թափանցիկության և բազմակողմ ներգրավվածության սկզբունքների վրա։ Այդ ռազմավարությունը ծառայել է երկու պետությունների շահերին, բայց ունեցել է աղետալի հետևանքներ Արցախի հայության և ընդհանրապես Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։
Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ