«Ի՞նչ եղավ, ոչինչ էլ չեղավ։ Մենք սահմանադրական օրենքով գնացինք, առաջարկեցինք Մարուքյանին, քանի որ «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ առանց նախապայմանների է։ Դե, մենք էլ որոշեցինք, որ այդպես է՝ նախապայմաններ չկա, պարոն Մարուքյանին առաջարկենք»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով իմպիչմենտի՝ իրենց նախաձեռնությանը։
Պատգամավորի խոսքով՝ համագործակցությունը չկայացավ. «Իրենք ապացուցեցին, որ ոչ թե ուզում են իմպիչմենտ անցկացնեն, այլ ուղղակի նոր տեսակի լոլո են կարդում։ Չորս տարի որ կարդում էին, սուտ էր, և իրենք բոլորովին էլ չեն ցանկանում վարչապետին անվստահություն հայտնել, այլ ուզում են ձև տալ»,-ասաց նա և հավելեց՝ հետագայում ընդդիմադիրները ձևականորեն առաջարկեցին մեկ ուրիշ թեկնածու, որ այդպես էլ ոչ մի ձայն չհավաքեց։
Ասլանյանն ընդգծեց, որ այդ ամենից հետո մի հետաքրքիր երևույթ տեղի ունեցավ, որը «բացեց» Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմքը. «Նա քննադատում էր բոլոր նախագահներին և Նիկոլ Փաշինյանին ու բավականին մեծ ռեյտինգ ուներ։ Մարուքյանը այդ ժամանակ հանդես եկավ մի մտքով, բայց դա արդեն մեր նախաձեռնությունը չէր, որ եթե Աջապահյանը համաձայնվի, ապա ես կհրաժարվեմ, և Աղազարյանն ու Ասլանյանը համաձայն կլինեն, որ իմ թեկնածությունը փոխարինվի Աջապահյանով»։
Ասլանյանի պնդմամբ՝ եթե Աջապահյանը չի ցանկանում քաղաքական խաղերի մեջ մտնել, ինչո՞ւ է իզուր քաղաքական հայտարարություններ անում. «Այդպես, իմ սենյակում մնում են այդ բոլոր թղթերը, և երբ կցանկանան գալ և ստորագրել, թող ուղղակի կապվեն ինձ կամ Մարուքյանի հետ։ Ես նստած կարող եմ սպասել, չնայած արձակուրդներ են»,-ասաց և հավելեց, եթե իրենք ուզում են իսկապես իմպիչմենտ անել, դրա հնարավորությունն ունեն։
Ըստ նրա՝ նախաձեռնության լիագումար նիստ հասնելը չի նշանակում վարչապետի հրաժարական. «Վերջ ի վերջո, դա սահմանադրական գործառույթ է, ոչ ոք ոչինչ չի ասում և, նաև, հաստատապես չի բերում Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, և եթե նորից սկսվի գործընթաց, հերթական փուլերը կլինեն՝ բանավեճ, հարցուպատասխան և, ապա, անվանական քվեարկություն, որի համար անհրաժեշտ է 54 ձայն»։
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ՄԱՍ կուսակցությունը լիազորել է իրեն և Հակոբ Ասլանյանին՝ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր նաև, որ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է։