Քաղաքական

Պուտինը որևէ կերպ մտադիր չէ կանգնեցնելու պատերազմը. քաղաքագետ

«Թրամփը ստիպված է լինելու ահռելի քանակությամբ ռազմամթերք ուղարկել Ուկրաինա՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու համար»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, ըստ որի՝ Պուտինի և Թրամփի լավ շփումներն ու հեռախոսազրույցներն արդյունք չեն տալիս, և ժամանակն է գործել։

Վարդանյանի խոսքով՝ ջանքերը, որ Թրամփը արեց ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, արդյունք չեն տալիս. «Թրամփին նաև Զելենսկին էր զգուշացրել, որ Պուտինը որևէ կերպ մտադիր չէ կանգնեցնել պատերազմը, նրա նպատակը՝ Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիան է»։

Նա ընդգծեց, այսքանից հետո, ամենայն հավանականությամբ, Թրամփը իր դեմքը փրկելու համար կսկսի ավելի մեծ չափով զինել Ուկրաինային, որովհետև սա նաև ԱՄՆ-ի հեղինակության հարցն է. «Արևմուտքը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տալու Ուկրաինայի պարտությունը, նաև իր համար ռազմավարական պարտություն կլինի, եթե Ուկրաինան պարտվի, և բազմիցս ազդակներ էին հղել, ուղարկել Պուտինին, որ կանգնեցնի պատերազմը»։

Իսկ արդյոք նա համաձա՞յն է այն մտքի հետ, որ Պուտինը Թրամփի հետ այս ընթացքում բանակցել է միայն ժամանակ ձգձգելու՞ համար, քաղաքագետը շեշտեց՝ միանշանակ այո. «Այդպես է դուրս գալիս, որովհետև Պուտինը բազմիցս նշել է, որ չի ուզում այնպիսի համաձայնագիր, որը որ խնդրին վերջնականապես լուծում չի տա»։ Նա հավելեց, որ նաև ներքաղաքական դաշտում Պուտինը իր դեմքը փրկելու խնդիրներ ունի. «Իրեն ժողովուրդը հարցեր է տալու։ Ինքը ասում էր՝ 1 շաբաթում կմտնենք և պառատ կանենք Կիևում, բայց իր բոլոր ռազմավարական նպատակները, որ իր առջև դրել էր և որոնց մասին խոսում էր, նրան փաստացիորեն չի հաջողվել հասնել»։

Լիլիթ Աբրահամյան