Քաղաքական

Կհետևե՞ն իշխանություններն առաջին նախագահի կոչին, թե ոչ. քաղաքագետների մեկնաբանությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ և նախօրեին հանդես եկավ հրապարակումներով՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարվել Էջմիածնում հանրահավաք հրավիրելուց, պատճառաբանելով, թե սա կխաթարի ներքաղաքական կայունությունը։ Ըստ առաջին նախագահի՝ «Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, թե նման արձագանքը սպասելի էր, քանի որ առաջին նախագահը վերջին շրջանում շատ ակտիվորեն հանդես է գալիս եկեղեցու պաշտպանի դիրքերից, պարբերաբար հանդիպումներ ունենում է կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և ամենակոշտ գնահատականներով քննադատում է իշխանությունների քաղաքականությունը։

«Ես առաջին նախագահի հետ համաձայն չեմ. կալանավորված անձինք քաղբանտարկյալ չեն։ Չի կարելի մեքենաներ այրելու, անվադողեր վնասելու, հանրային տրանսպորտի վրա ներկեր լցնելու միջոցով պատահական քաղաքացիների կյանքը վտանգելու պատրաստ և ծրագրած անձանց համարել քաղբանտարկյալ։ Ակնհայտորեն նրանց նախաձեռնածը ահաբեկչական ակտ է։ Հետևապես առաջարկը տեղին չեմ համարում և գրեթե համոզված եմ՝ վարչապետը չի ընդունելու այն։ Ակնհայտ է, որ նախագահը Փաշինյանին ներկայացնում է եկեղեցու դիրքորոշումը»,- ասել է նա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Radar Armenia-ին ասաց, որ իշխանությունների նախաձեռնած գործողությունների հետևանքով «Եկեղեցու ներսում լուրջ պառակտում, ներեկեղեցական կուլիսային պայքար» չի կանխատեսում։ Նա բացառեց իշխանությունների նախաձեռնությանը հանրային լայն աջակցությունը։ Սուրենյանցը իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ծագած խնդիրների օրինական, ճիշտ լուծման մեկ ելք է տեսնում, այն է. «Փաշինյանը պետք է ուշադիր կարդա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ բարձր կարգի պետական մտածողության մարդու հորդորը և ընդունի առաջարկը՝ ազատել բոլոր քաղբանտարկյալներին՝ գործարար Սամվել Կարապետյանին, Միքայել, Բագրատ սրբազաններին և չեղարկել Էջմիածնում նախատեսված հավաքը, որպեսզի մենք բոլորս վերադառնանք հանդուրժողականության, կայունության, օրինականության դաշտ»։

Ինչ վերաբերում է եկեղեցում առկա խնդիրներին և բարեփոխումների անհրաժեշտությանը, քաղաքագետը կարծում է՝ կա նման կարիք, ժամանակի հետ համընթաց քայլելու խնդիրներ, ինչպես ցանկացած ինստիտուտ, սակայն նրա խնդիրներն անհամեմատ փոքր են, ոչ ազդեցիկ՝ պետական ինստիտուտների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների համեմատ։

Թամարա Ղազարյան