Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհների ապաշրջափակումն արտապատվիրակելու տարբերակը ներկայացրեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության օրինակով։
«Հայաստանի երկաթուղին կառավարման է տրված ռուսական կողմին։ Սա նշանակում է՝ Հայաստանում ստեղծել է ընկերություն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» անունով, որ գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում, հարկային կոդ ունի, անում է ներդրումներ, և ինքն իրավունք ունի ակնկալել իր արած ներդրումների հետգնում, որովհետև մարդիկ փող են ծախսում, ներդրում անում, ընդ որում՝ Կառավարության համաձայնությամբ, կա շահույթի մարժա, և իրենք իրավունք ունեն ակնկալել, որ այդ փողը ետ կստանան, շահույթ կստանան։
Բայց կա մի կարևոր առանձնահատկություն. «Հարավկովկասյան երկաթուղու» տիրապետած տարածքի մի քառակուսի մետր չկա, որտեղ, օրինակ, ՀՀ ոստիկանության կամ որևէ այլ պետական մարմնի լիազորությունները սահմանափակված են։ Այդ ողջ տարածքը գտնվում է Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ վատ բան չէ այն, որ շատերն են հետաքրքրված այդ երկաթուղու կառուցմամբ. «Միայն Միացյալ Նահանգները չեն հետաքրքրված, ԵՄ-ն էլ է հետաքրքրված։ Կարող է լինել հետևյալ մոդելը, որ «Հարավկովկասյան երկաթուղու» դերում լինի հայ-ամերիկյան որևէ համատեղ ձեռնարկություն»,- ասել է Փաշինյանը։