Ես Թուրքիա գնացել էի ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով, այլ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների օրակարգով. ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա կարևոր նրբություն է։
«Շատ բարդություններ և բարդույթներ կան և՛ այնտեղ, և՛ մեզ մոտ։ Բայց ես չեմ կասկածում, որ մենք այդ կետին հասնելու ենք, որ, ի վերջո, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և՛ սահման բացվի։
Հայաստանի պետական հարատևության, անկախության, ինքնիշխանության ռազմավարության տրամաբանության մեջ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ ունենալը շատ կարևոր է. դա ակնհայտ է։
Մենք պետք է առերեսվենք, որ մեր ինքնիշխանության և անկախության հոգեբանական կամ պրակտիկ սահմանափակումների մի հսկայական մասը կապված է Թուրքիայից եկող սպառնալիքի՝ մեր ընկալման և տրամաբանության վրա։ Այսինքն, բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ նշանակում է հաղթահարել սպառնալիքի և՛ ընկալումը, և՛ հենց այդ սպառնալիքները կառավարել կամ նվազեցնել, որի արդյունքում մենք անկախ լինելու՝ ավելի մեծ տարածք կունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ առկա է մշտական երկխոսություն։