Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումն արտապատվիրակելու խոսակցություններին․
«Հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից գոհ ենք, մի մասից՝ դժգոհ։ Օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է, և ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ կերպ ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն է արտապատվիրակված։
Նախկինում ունեցել ենք «Հայփոստի» արտապատվիրակման փորձ, և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ, այդուհանդերձ, Հայաստանի երկաթուղին էլ, «Զվարթնոց» օդանավակայանն էլ, ջրային համակարգն էլ շարունակում են մնալ երկրի սեփականությունը։
«Խոսքը կարող է գնալ որևէ ընկերության ստեղծման մասին, որը կներգրավի ներդրումներ, կարող եք պատկերացնել, թե «Խաղաղության խաչմերուկն» ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի, և նաև ինչ ներդրումային հետաքրքրություն կա։ Խոսքը գնում է խողովակաշարերի մասին՝ կլինի նավթամուղ, գազամուղ, էլեկտրագիծ, հեռահաղորդակցության մալուխ ևն։ Դա մի տնտեսություն է, որ պետք է ստեղծվի և կառավարվի։ Սա, մեր տրամաբանությամբ, պետք է և կարող է լինել ՀՀ սեփականությունը. այստեղ խոսքը այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ այս խոսակցությունները չի կարող կոնկրետացնել, քանի որ քննարկումների փուլում են գաղափարները. «Ինչու չեմ կարող շատ կոնկրետանալ, որովհետև քննարկվում են և քննարկվել են ամենատարբեր գաղափարներ։ Եթե լիներ մի պայմանավորվածություն, որ, օրինակ, ձեռք բերված, ստորագրված լիներ, դրա մասին կարող էի ասել։ Հիմա ինչ ասացի, ներկայացրի քննարկումների շառավիղը, որովհետև մենք անընդհատ խոսում ենք տրանսպորտային կապուղիների՝ ՀՀ իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո գործելու տրամաբանության մասին, բայց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ասել ենք՝ պատրաստ ենք պարզեցումների»։