Քաղաքական

Սա լինելու է բաց քննարկում. Ժիրայր Լիպարիտյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական (1991–1997 թթ.), դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը BBC Russian-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում նախատեսվող Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի հաստատման հնարավորությունները, սահմանների դեմարկացիայի հարցը, ինչպես նաև այլ չլուծված խնդիրներ։

«Կարծում եմ, օրակարգում ներառված կլինեն բոլոր հարցերը։ Սա լինելու է բաց քննարկում, ինչը, իմ կարծիքով, ավելի կարևոր է, քան որևէ մեկ խնդրի վրա կենտրոնանալը»,– ասել է Լիպարիտյանը։

Նա հավելել է․ «Համոզված եմ, որ սահմանադրական հարցը կարելի է լուծել որևէ միջանկյալ համաձայնությամբ։ Սահմանադրության փոփոխությունը միակ ելքը չէ, և վստահ եմ, որ Բաքվում հասկանում են՝ որքան բարդ գործընթաց է դա»։

Լիպարիտյանի գնահատմամբ՝ Աբու Դաբիում կայանալիք հանդիպումն առաջին հերթին կարևոր ազդանշան է այն մասին, որ տարածաշրջանում առկա անորոշության և մի շարք զուգահեռ գլոբալ հակամարտությունների պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շարունակում են պահպանել կապը և շփվում են ուղիղ՝ առանց միջնորդների։

«Անկանխատեսելիությունը, թերևս, ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնական առանձնահատկությունն է։ Թեև ոմանք կարծում են, թե անկանխատեսելիությունն ու քաոսը կարող են ստեղծարար ուժ լինել, մեր տարածաշրջանում քաոսը երկար տարիներ է տիրում, և դա մեզ ոչինչ լավ չի տվել»,– նշել է Լիպարիտյանը։