Քաղաքական

ԱՄԷ-ն մեծապես կարևորում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը՝ նշելով, որ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ ինչպես տնտեսական, այնպես էլ ներդրումային և հումանիտար ոլորտներում։

ԱՄԷ նախագահը ջերմորեն ողջունել է վարչապետ Փաշինյանին՝ ընդգծելով, որ Էմիրությունները մեծապես կարևորում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ են համատեղ քայլեր ձեռնարկել փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: