ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։
Նա ասել է, որ ղարաբաղյան երրորդ պատերազմի արդյունքներից հետո իր ողջ ներուժով մասնակցել է մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին ու ակցիաներին՝ «դրա մեջ դնելով իր սիրտն ու հոգին»:
Սարգսյանի խոսքով՝ քանի որ իրեն կալանավորելու միջնորդության հարցում արդեն ամեն ինչ նախապես որոշված է, անիմաստ է համարում իշխանություններին ուղղված խոսք ասելը:
Ինչ վերաբերում է իրեն մեղսագրվող արարքին՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստություն, Սարգսյանն ասել է, որ չկա ու չի եղել նման բան, և չկան նաև ապացույցներ։
«Ես պայքարել ու պայքարելու եմ, լավ իմացեք, դուք եղած օրվա իշխանությունն եք, դուք հեռանալու եք, հեռացվելու եք ու երբեք չեք մոռացվելու: Քանի ապրում եմ, պայքարելու եմ իմ հայրենիքում»,- հայտարարել է նա։
Ելույթի վերջում էլ նա ասել է. «Որոշե՞լ եք կալանավորել՝ կալանավորեք, ձերը դա է՝ կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը, մերը՝ պայքարելն է, թասիբն ու պատիվը»։
Սարգսյանը հրաժարվել է պատասխանել պատգամավորների հարցերին։