Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է։
30 տարի առաջ հուլիսի 5-ին-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի մայր օրենքը՝ սահմանադրությունը։ Մասնակիցների 68%-ը՝ ընտրական իրավունք ունեցող 2 մլն 190 հզ․ քաղաքացուց 1 մլն 217 հզ-ը կողմ քվեարկեց սահմանադրությանը։
Սահմանադրություն ունենալը նորանկախ Հայաստանի առաջնահերթություններից էր։ Նախ, անկախության հռչակումից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, ԳԽ-ն ընդունեց «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքը, որում ամրագրվեց պետության կառավարման հիմնական դրույթները։
Ապա՝ 1992թ․-ից սկսեց գործել սահմանադրական հանձնաժողովը, որը հոկտեմբերին արդեն աշխատում էր նախագծի բուն տեքստի վրա։
Տևական աշխատանքից, բուռն քննարկումներից հետո ԳԽ-ն 1995թ․ մայիսին հաստատեց և հուլիսի 5-ին հանրաքվեի դրեց սահմանադրության նախագիծը, որ մինչ այդ մանրամասն՝ հոդված առ հոդված, քննարկվել էր օրենսդիր մարմնում, նաև՝ մի քանի հարյուր հազար օրինակով տպագրվել ու բաժանվել քաղաքացիներին։
Սահմանադրության ընդունման վերաբերյալ 1994թ. ընթացքում ԳԽ նիստում երկու անգամ հանդես էր եկել հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ հիմնական քննարկումներն ու բանավեճերը պետության կառավարման համակարգի շուրջ էին, քանի որ ընդդիմադիրները՝ ի դեմս ՀՅԴ-ի, պնդում էին խորհրդարանական կառավարման օգտին։
Ընդունվեց նախագահական կառավարման համակարգը։

Սահմանադրության ընդունման օրը՝ հուլիսի 5-ը հռչակվեց պետական տոն: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։
1995թ. սահմանադրությանը «բախտ վիճակվեց» հաղթահարել երկրի համար երկու կարևորագույն մարտահրավեր՝ առանց ներքաղաքական ցնցումների ու ճգնաժամերի. խոսքը 1998թ. պալատական հեղաշրջման մասին է, երբ հրաժարական տվեց նախագահը, ապա նաև՝ ԱԺ նախագահը, և երկրորդ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, երբ գլխատվել էր խորհրդարանն ու կառավարությունը։ Ահա, շնորհիվ նաև սահմանադրության, երկրում հնարավոր եղավ խուսափել սահմանադրական ճգնաժամերից։
Սահմանադրությունը, սակայն, մի քանի անգամ փոփոխության ենթարկվեց։ Առաջին փորձն անհաջող էր.2003թ., Քոչարյանի իշխանության օրոք եղավ սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որը սակայն, տապալվեց. բավարար թվով մարդ չէր մասնակցել հանրաքվեին։
2005թ., սակայն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարվեց կայացած, թեև ընդդիմությունը բոյկոտել էր, և այդ օրը տեղամասերում ակնհայտ դատարկություն էր։
Հետագայում 2005թ. հանրաքվեն անվանեցին «ուրվականների հանրաքվե», քանի որ ակնհայտ էր՝ անհրաժեշտ թվով ձայներ չէին ստացվել։
2015թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ըստ էության, նոր սահմանադրություն կազմվեց, քանի որ հիմնովին փոխվեց երկրի կառավարման համակարգը՝ անցում կատարելով կիսանախագահականից խորհրդարանականի։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը